Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի սպառազինումը նոր լարվածություն կառաջացնի և ՀՀ–ն «սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար»։ Նա այդ մասին ասել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։
Նա ֆաշիստական է անվանել «անկախ հայկական պետությունը» և հավելել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի՝ դա կանի կամ ՀՀ ղեկավարությունը, կամ Ադրբեջանը», գրում է APA-ն։
Նա նաև ասել է, թե Հայստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, իսկ «Ֆրանսիան և ՀՀ–ին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է խզեն այդ պայմանագրերը»։
«Արդեն իսկ Հայաստան առաքված զենքը պետք է վերադարձվի։ Սա մեր պայմանն է։ Ով ինչպես ուզում է, թող ընկալի սա; Եթե մենք ինչ–որ բան ասում ենք, շատ լուրջ ենք վերաբերվում դրան»,–ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։
Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։