AM
8 January 2025 - 10:51 AMT

Ըստ Ալիևի` Մակրոնը 44–օրյայի ժամանակ «սպառնացել է» ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ, Ֆրանսիայի քաղաքական դաշտում կա կոնսենսուս «ադրբեջանատյացության» շուրջ, և դա վերաբերում է ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմադիր ուժերին։

Նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «սպառնացել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը», գրում է Turan-ը։

«44-օրյա պատերազմի ընթացքում չեմ հիշում թե ինչքան, գուցե 6-7 անգամ զանգեր եմ ստացել Ֆրանսիայի նախագահից՝ փորձելով դադարեցնել ազատագրական պայքարը։ Դրանից հետո սպառնալիքների փորձեր եղան, Լեռնային Ղարաբաղը ճանաչելու սպառնալիքներ եղան։

Հիմա արդեն կարող եմ սա ասել։ Ես պատասխանեցի, որ ցանկացած երկիր, որը 2020 թվականի նոյեմբերից հետո կճանաչի Լեռնային Ղարաբաղը, անմիջապես մեզանից նոտա կստանա դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Եվ Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեման անմիջապես դուրս եկավ օրակարգից։ Նրանք գնացին այլ ճանապարհով՝ ճանաչեցին Սենատի միջոցով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ ճգնաժամը հարաբերություններում առաջացել է Մակրոնի օրոք, մյուս նախագահների ժամանակ երկկողմ հարաբերություններում խնդիրներ չեն եղել։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։