AM
10 January 2025 - 14:08 AMT

Անկարայում հուսով են` 2025–ին ՀՀ–ն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիրը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Անկարայում հուսով են, որ 2025–ին ՀՀ–ն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիրը։

Նա նշել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է մի քանի կետ համաձայնեցնել, գրում է APA-ն։

«Մենք հուսով ենք, որ 2025–ին այդ կետերը ևս կհամաձայնեցվեն»,–ասել է Ֆիդանը։

Բացի այդ, Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև ընթացող առանց միջնորդների երկկողմ բանակցություններին:

Նա ասել է նաև, որ պատմական պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման համար։

«Այդ գործընթացում մենք Ադրբեջանի կողքին ենք»,–ասել է Ֆիդանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման «խաղաղության պայմանագիրն անհնար է»։ Նա այդ մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։ Նա ևս մեկ պայման է առաջ քաշել՝ նշելով, թե Ֆրանսիան և մյուս երկրները պետք է խզեն ՀՀ–ին զենքի մատակարարման պայմանագրերը, իսկ արդեն առաքված զենքը «պետք է հետ վերադարձվի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանն առանց խաղաղության պայմանագրի էլ կարող է ապրել և իր քաղաքականությունը վարել։