ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում օրեր առաջ բռնկված զանգվածային հրդեհները լիովին մարել չի հաջողվում, վտանգը շարունակում է արդիական մնալ։ ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստները պատմել տեղում իրավիճակի մասին։
Լոս Անջելեսում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն ասել է, որ այժմ վիճակը համեմատաբար կայուն է, հայտնում է Արմենպրեսը։
«Բացի մարդկային զոհերից, ընկերներիցս շատերը կորցրել են ոչ միայն միլիոնավոր դոլարների կարողություն, ինչն ի վերջո հնարավոր է նորից վերականգնել , այլ անդառնալիորեն կորցրել են իրենց անցյալի երջանիկ հիշողություններին կապող գրեթե ամեն իր. հիշատակ՝ մորից, զավակից, թոռից կամ ընկերներից… Շատերը հասցրել են վերցնել ընդամենը անձնագիրն ու մի քանի կարևոր փաստաթուղթ»,– ասել է նա։
Գլենդելում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը շեշտել է՝ թեև կրակի բոցերն իրենց քաղաք չեն հասել, սակայն մեծ տարածություն ներգրաված հրդեհի հետևանքով օրեր շարունակ երկինքը ծխի մեջ էր, երկնքից, բառի բուն իմաստով՝ մոխիր էր թափվում։
Դերասան, պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանն այս պահին բնակվում է Շադոու Հիլսում։ Հրդեհի օջախներից մեկն իր բնակության վայրից հեռու է մոտ 5 կմ։
«Լոս Անջելեսի շրջանում վնասներն աննկարագրելի են, գրեթե ամբողջությամբ վառվել են մի քանի քաղաք: Կան նաև զոհեր: Իմ տեղեկություններով՝ հայերի մեջ մարդկային կորուստներ չունենք, բայց կան շատերն, ովքեր կորցրել են իրենց տները։ Հայերից շատ-շատերը տարհանվել են ու գտնվում են հատուկ հատկացված կացարաններում»,-ասել է նա։
Արդեն այրվել է ավելի քան 10 հազար շենք, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասանների՝ Էնթոնի Հոփքինսի, Ադամ Բրոդիի, Աննա Ֆարիսի, Մել Գիբսոնի և այլոց տները։ Շուրջ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Ըստ նախնական գնահատման՝ վնասը կարող է կազմել մոտ 150 միլիարդ դոլար։ Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։