Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, անդրադառնալով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու և Երևան կատարած այցերին, ճեպազրույցում ասել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար։
«Իրանը կարևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը։ Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորություններն ու կարողությունները այս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար»,–ասել է նա, գրում է APA-ն։
Նա հավելել է, որ անվտանգությունը տարածաշրջանում պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, առանց այլ երկրների միջամտության։
Նա նաև ասել է, որ այցերը Բաքու և Երևան նախապես էին պլանավորված։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էր, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:
Մինչ Հայաստան գալը Ալի Աքբար Ահմադիանն Ադրբեջանում էր։ Նրա այցի նպատակն էր, ըստ իրանական լրատվամիջոցների, անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդումը: