Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համոզված է, որ ներկայում մետապնևմավիրուսային վարակի համաճարակի սպառնալիք չկա։ Այդ մասին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ հեռախոսազրույցից հետո ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Իմ ընկեր Թեդրոսը հանգստացրել է ինձ վերջին օրերի և շաբաթների սարսափելի պատմությունների առումով, որ ներկայում առողջապահական արտակարգ իրավիճակի վտանգ չկա,–նշել է Սիյարտոն, գրում է Factor.am-ը։
Նա հավելել է, որ ԱՀԿ փորձագետները քաջատեղյակ են վիրուսից, որն այնքան շատ է քննարկվել լրատվամիջոցներում, սակայն «մի քանի անգամ արդեն ի հայտ է եկել նմանատիպ տեսքով, սովորաբար ձմռանը»։
Մետապնևմավիրուսը շնչառական վարակների հարուցիչներից է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, դրա ախտանիշները ներառում են քթահոսություն, հազ և ջերմություն: Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ Չինաստանում վիրուսի բռնկումների մասին։