AM
14 January 2025 - 10:57 AMT

Լավրովն ու Պեսկովն ասել են՝ ԱՄՆ հետ գործընկերության փաստաթղթի ստորագրումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրելու ՀՀ և ԱՄՆ որոշումն այդ պետությունների ինքնիշխան իրավունքն է։

Նա հավելել է, որ կարևոր է ոչ թե փաստաթղթի անվանումը, այլ այն, թե ինչ է դրանից բխում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Լսել եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրելու, սակայն, դա այդ պետությունների ինքնիշխան իրավունքնն է։ Կարևորն այն չէ, թե փաստաթուղթն ինչպես կոչվում, այլ այն, թե ինչ է բխում դրանից»,–ասել է Լավրովը։

Նույն կարծիքն է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ ՀՀ ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերություններն այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դա մեր հայ բարեկամների ինքնիշխան իրավունքն է։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»,–ասել է նա։

Հունվարի 14–ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին: