ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, մեկնաբանելով ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, ասել է, որ նման գործընկերությունն ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխան իրավունքն է, սակայն, այն չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի մյուս պետությունների և միավորումների համար։
«ՀՀ և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության բնույթին ու հեռանկարներին գնահատական տալու համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։
Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում, սակայն այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», – ասել է նա, գրում է News.ru-ն։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։
Ընթերցեք նաև․ Լավրովն ու Պեսկովն ասել են՝ ԱՄՆ հետ գործընկերության փաստաթղթի ստորագրումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է