Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկին` EXIM-ին, մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքն ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։
Silk Way Airlines-ը սերտորեն կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի հետ, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան:
2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը:
Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։
Silk Way Airlines-ը ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջել հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:
Սա EXIM բանկի և Ադրբեջանի կառավարության առաջին համագործակցությունը չէ։ Վերջին մեկ տասնամյակի ընթացքում ամերիկյան ֆինանսական այս կառույցը հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ է արել Ադրբեջանում, այդ թվում՝ Silk Way ավիաընկերությունում, որն ըստ մի շարք հեղինակավոր պարբերականների՝ ադրբեջանական զենքի հիմնական փոխադրողն է և սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ, գրում է «Ազատությունը»։
EXIM բանկը Silk Way-ից բացի շռայլ ֆինանսական հատկացումներ է արել նաև Ալիևի կառավարության մեկ այլ ռազմավարական ծրագրում՝ Azersat ադրբեջանական արբանյակի նախագծում։ Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ ЕXIM բանկի ղեկավարներն անձամբ են Ադրբեջան այցելել և երկկողմ հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ընդ որում՝ այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել 2016-ի քառօրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ։
Ադրբեջանական Meydan TV-ին, որի ադրբեջանական խմբագրակազմը բանտարկված է, ծավալուն հետաքննություն է հրապարակել՝ պնդելով, որ Ադրբեջանի կառավարությունը 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակել է զինվել և զենքի փոխադրումներն իրականացրել հենց Silk Way ավիաընկերության միջոցով՝ հիմնականում Իսրայելից։ Վկայակոչելով Flightradar24 -ի տվյալները՝ Meydan-ը նշում է, որ ընդհանուր առմամբ՝ անցած տարի ավելի քան 40 բեռնատար է վայրէջք կատարել Բաքվում «զենք մատակարարելու նպատակով»։
Այս փոխադրումներն իրականացնող ավիաընկերությանը տարիներ շարունակ խոշոր ֆինանսական միջոցներ տրամադրած EXIM-ը, որը պատրաստվում է քննարկել հերթական հատկացումը, Միացյալ Նահանգների կառավարության արտահանման վարկավորման պաշտոնական գործակալությունն է: Բանկի նախագահին նշանակում է ամերիկյան սենատը, իսկ տնօրենների խորհրդի անդամներին առաջադրում է ԱՄՆ նախագահը։