AM
15 January 2025 - 10:10 AMT

Բաքվում հայերի ջարդերի տարելիցի օրերին Ադրբեջանի օմբուդսմենը կոչ է անում միջազգային կառույցներին դատապարտել «ադրբեջանցիների արտաքսումը»

Բաքվում հայերին ջարդերի տարելիցի օրերին Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան կոչ է արել միջազգային կառույցներին դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։ Նա բաց նամակ է հղել իրավապաշտպան կազմակերպություններին և այլ երկրների օմբուդսմեններին։

1990–ի հունվարի 13-19–ը Բաքվում կազմակերպված և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր են իրականացվել, որոնց զոհ է գնացել 48-300 մարդ: Ջարդերը շարունակվել են 6 օր, որից հետո Բաքուն հայաթափվել է՝ մոտ 250,000 հայ տեղահանվել է, բազմաթիվ հայեր անհետ կորել են։

Ալիևան կոչ է արել «հրաժարվել երկակի չափանիշներից և արդար դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի հանդեպ, վճռական քայլեր ձեռնարկել այդ հարցի լուծման համար»,– գրել է Report.az-ը։

Արցախում էթնիկ զտում իրականացրած և ավելի քան 120,000 արցախցու արտաքսած երկրի օմբուդսմենը գրել է «ադրբեջանցիների անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման» մասին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրել էր, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, սակայն նրանք այստեղից մեծամասամբ հեռացել են քաղաքակիրթ եղանակով՝ «հարյուր ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 160 հազարից ավելի ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար և այստեղ իրավունքներն էլ են սպառված»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։