AM
15 January 2025 - 14:32 AMT

Կիսելյով․ Չեմ հասկանում՝ կոնկրետ որ արտահայտությունից են վիրավորվել մեր հայ եղբայրները

«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ կանչելու փաստին՝ նշելով, թե չի հասկանում՝ «Շաբաթվա լուրեր» վերջին հաղորդման ընթացքում իր որ արտահայտությունից են վիրավորվել Հայաստանում։

«Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունից են վիրավորվել մեր հայ եղբայրները»,–ասել է Կիսելյովը, գրում է News.ru-ն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունվարի 15-ին Կոպիրկինը ԱԳ նախարարություն է կանչվել: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Նշվել է, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստական գեներացված անընդունելի թեզեր, շրջանառության մեջ են դրվել խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, որ Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է Հայաստանում արգելափակվել։

Հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրեր» վերջին հաղորդման ժամանակ խոսել է Ադրբեջանի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին, որի “մասին պայմանավորվածություն կա նոյեմբերի 9–ի հայտարարությամբ”, ծավալուն մեջբերում արել Ալիևի «վճռական» խոսքից՝ նշելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր պարտավորությունը այդ հարցում և անտեսել է Ալիևի «կատեգորիկ պահանջը»։