Հայ ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում` երկամարտի արդյունքում բարձրացնելով 238 կգ (պոկում 100, հրում 138 կգ): Նույն քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճել է չինացի Չեն Սենը, երկու վարժանքի արդյունքում բարձրացնելով 262 կգ: Բրոնզը նվաճել է ինդոնեզացի Սումարիյանտոն (237կգ):
Եվս երկու ծանրամարտիկներ Վարդան Միլիտոսյանն (50 ք/կ) ու Վլադիկ Կարապետյանն ոչ այնքան հաջող ելույթ ունեցան եւ գրավեցին 12-րդ տեղը համապատասխան քաշային կարգերի մրցաշարային աղյուսակներում:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը (մինչեւ 17 տարեկան) հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մասնակցում է պատմության մեջ առաջին ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որն անցնում է մայիսի 19-24 Չանգմեյում (Թայլանդ):
Մայիսի 22-ին Հայաստանից հանդես կգան Ռաֆիկ Մելիքյանը (69 կգ ք/կ) եւ Արսեն Ներսիսյանը (77 կգ ք/կ), մայիսի 23-ին Ազատ Սարգսյանը (85 կգ ք/կ), իսկ մայիսի 24-ին` Հրաչ Ղարիբյանն ու Միշա Մուրադյանը (երկուսն էլ +94 կգ ք/կ):
Աշխարհի առաջնությունը 2010թ. Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիադայի ընտրական փուլն է:
Մրցաշարին մասնակցում են 373 ծանրամարտիկներ աշխարհի 48 երկրներից: