Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
Նոր նախագահի ընտրության արարողությանը ներկա էին ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը:
Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին, Երևանում: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի, իսկ այնուհետև մագիստրոսի աստիճան: 2007 թվականից ի վեր դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և ղեկավարում «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագիրը։
Հարությունյանը պետական կառավարման ոլորտում նույնպես նշանակալի փորձառություն ունի։ 2018-2019 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ 2019-2020 թվականներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2020 թվականի նոյեմբերի 24-ին նա նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար։