AM
28 January 2025 - 08:25 AMT

Բաքվի դատարանը մերժել է հայերի միջնորդությունները խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ

Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների շինծու գործերով դատավարության հերթական նիստը՝ հայ ռազմագերիների տնային կալանքի միջնորդությունները մերժվել են։

Մերժվել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը, որի գործն առանձին վարույթով է քննվում։ Նա խնդրել էր տրամադրել ևս 30 օր՝ գործին ծանոթանալու համար, հայտնում է Minval.az-ը։

«Ես ցանկանում եմ իրավական տեսանկյունից պատրաստ լինել պաշտպանելու ինձ»,–ասել է նա։

Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է միջնորդությունը՝ նաև պահանջելով իրավաբանական գրականություն տրամադրել իր պաշտպանյալին։

Մեղադրող դատախազը նշել է, որ պաշտպանությանն արդեն տրամադրվել է բավական ժամանակ գործին ծանոթանալու համար, այդ թվում՝ նախորդ նիստում տրամադրված 10 հավելյալ օրերը։ Դատախազությունը առաջարկել է գործը հանձնել դատարան և խափանման միջոցը թողնել անփոփոխ։

Վարդանյանի փաստաբանը առարկել է գործի հանձնմանը և խնդրել է նիստը հետաձգել։

Խորհրդակցությունից հետո դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները, այդ թվում՝ գործին ծանոթանալու հավելյալ ժամանակ տրամադրելու պահանջը։ Գործը փոխանցվել է դատարան, իսկ հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 6-ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։