AM
29 January 2025 - 06:39 AMT

Ալիևը կրկին սպառնում է ու «Զանգեզուրի միջանցք» պահանջում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու «Զանգեզուրի միջանցք» պահանջել։ Տրանսպորտային հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ նա ասել է, թե Հայաստանը պետք է «կատարի իր ստանձնած պարտավորությունները» և երաշխավորի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի տարբեր մասերի միջև։

«Ինչպես միջազգային հարթակում, այնպես էլ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք մշտապես ընդգծում ենք մեկ հարց. պետք է ապահովվի անխափան անցում Ադրբեջանից Ադրբեջան։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների կամ խոչընդոտների»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։

Նա ասել է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանից և հավելել, որ «1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունները Ադրբեջանից խլել են Արևմտյան Զանգեզուրը՝ դա որակելով ադրբեջանցի ժողովրդի դեմ հանցագործություն»։

«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից։ Սակայն Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անխափան անցում Ադրբեջանից Ադրբեջան»,–ասել է նա։

Նա նաև հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը միջազգային նշանակություն է ձեռք բերել, գրում է Turan-ը։

«Այսօր Զանգեզուրի միջանցքը աշխարհում արդեն ընդունված արտահայտություն է, եզրույթ, և մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում դրա բացման համար», — նշել է նա։

Խոսելով Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ Ալիևն ասել է, թե այդգաղափարն անիրագործելի է։

«Այսպես կոչված «նախագիծը» առանց Ադրբեջանի ոչ մի արժեք չունի… Եթե դուք իսկապես ցանկանում եք իրագործել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Մեր պայմանները արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա», – ասել է Ալիևը։

Անդրադառնալով անխոչընդոտ տեղաշարժի անհրաժեշտությանը՝ նա ընդգծել է, որ «պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների կամ խոչընդոտների»։

ՀՀ–ն մշտապես հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ մոտեցումը հաղորդակցությունների հարցում իր համար անընդունելի է։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ ՀՀ–ն իր առաջարկներն է ուղարկել Բաքվին խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ, որոնցից մեկն առնչվում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն մանրամասներ չի հայտնել։