AM
30 January 2025 - 14:31 AMT

Լեմկինի ինստիտուտ․ Փաշինյանի հայտարարությունները կրկնում են Հայոց ցեղասպանության մասին թուրքական ժխտողական դրույթները

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ դրանք կրկնում են թուրքական ժխտողական դրույթները։

«Նրա հայտարարություններն անտեսում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների տասնամյակների պատմական հետազոտությունները, ինչպես նաև խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և ՀՀ հասցեին շարունակական սպառնալիքների համատեքստում»,–ասվում է հայտարարության մեջ։

Ինստիտուտը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և «կաշխատի կանխել որևէ նմանություն իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև ապագայում»։

Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել էր, որ դեռ պետք է հասկանանք ինչ է եղել և ինչու։

Շվեյցարիայի Հայկական և հայամետ միությունների խորհուրդը (CAAS) կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարզաբանել հունվարի 24-ին Ցյուրիխում արված իր հայտարարությունները։