AM
31 January 2025 - 06:28 AMT

Կանադայի ԱԳ նախարարը կարևորել է արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը

Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Հայ դատի հանձնախմբին հասցեագրված գրության մեջ առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է արել.

· Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,

· Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,

· Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,

· Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,

· Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։