AM
31 January 2025 - 10:10 AMT

Զախարովա․ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ–ն կարող է կորցնել արտահանման 80%-ը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել իր արտահանման 80%-ը, իսկ այլընտրանքային շուկաներ գտնելն անհնար կլինի:

«Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, երկրի արտահանումը կարող է նվազել 80%-ով, իսկ այդ կորուստները փոխարինել այլ ուղղություններով չի հաջողվի անգամ միջնաժամկետ հեռանկարում»,–ասել է նա ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015 թվականից ի վեր երկրի արտահանումը տասնապատկվել է, և այդ աճի մեծ մասը բաժին է ընկնում ռուսական շուկային։ 2024–ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 12 միլիարդ դոլարի։

«2023 թվականին Ռուսաստանի հետ առևտրի ծավալը կազմել է 3.4 միլիարդ դոլար։ Եվ սա ոչ թե նվեր է, ոչ թե մարդասիրական օգնություն, այլ հայկական արտադրողների ազնվորեն վաստակած գումարն է։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար», — ընդգծել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանն ինքնիշխան պետություն է և ունի արտաքին քաղաքականության ընտրության իրավունք։ Սակայն նա կոչ է արել հարցին մոտենալ գործնական տեսանկյունից՝ խուսափելով ավելորդ քաղաքականացումից։

«Ապրանքները, մենք հիմա խոսում ենք Հայաստանի մասին, Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք չի սպասում։ Եթե սպասեին, ապա արդեն գործարքներ կնքված կլինեին։ Ո՞րն է խնդիրը։ Եթե իսկապես ուզում են օգնել և այդ ապրանքներն այդքան կարևոր են, ինչո՞ւ չեն գնում։ Եթե իսկապես անհրաժեշտ լինեին, վաղուց կգնեին դրանք», — ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նաև հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանի առևտուրը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ զգալիորեն նվազել է և շարունակում է մնալ մոտ վեց անգամ պակաս, քան Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը։

Հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիություն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին և այն ուղարկել խորհրդարան։

Կրեմլում այս որոշումն արձագանքել են՝ նշելով, որ միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինելը հնարավոր չէ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան այս օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ՝ այդ որոշումը համեմատելով «Տիտանիկի» տոմս գնելու հետ։

Մինչդեռ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երկիրը չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ անդամակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ չի կարող կանխատեսել ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունները, եթե Հայաստանը միանա ԵՄ-ին։ Նրա խոսքով, այդ հարցը կքննարկվի անհրաժեշտության դեպքում։