AM
31 January 2025 - 12:59 AMT

Նորվեգիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է ՀՀ–ի ժողովրդավարական ուղուն` բարդ աշխարհաքաղաքական պայմաններում

Նորվեգիայի խորհրդարանի (Ստորթինգի) նախագահ Մասուդ Ղարահխանին Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է, որ երկիրը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, հաստատակամորեն ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին։

«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական հարևաններ ունի, բայց այն միակ երկիրն է, որն իսկապես ցանկանում է առաջ գնալ ժողովրդավարությամբ, հակակոռուպցիոն և ճիշտ արժեքներով։ Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել՝ կիսվելով նրանով, թե ինչպես է մեր երկիրը կառուցվել այդ արժեքների վրա»,– ասել է Ղարահխանին, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ Նորվեգիան, չնայած ԵՄ անդամ չլինելուն, կիսում է եվրոպական ժողովրդավարական արժեքները և պատրաստ է աջակցել Հայաստանին՝ այդ ուղղությամբ առաջ ընթանալու հարցում։

Նորվեգիայի խորհրդարանի նախագահը խոսել է նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունների մասին՝ հատկապես էներգետիկայի ոլորտում։

«Նորվեգիան նավթի և գազի առումով կարևոր երկիր է, բայց նաև ցանկանում է ապագայում ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում»,– նշել է նա։

Անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավորություններին՝ Ղարահխանին շեշտել է, որ դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք։

«Եթե ուզում եք լինել ԵՄ անդամ, պետք է աշխատեք։ Պետք է աշխատեք՝ հավաստիանալու, որ ձեր երկիրը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, գենդերային հավասարության, մարդու իրավունքների վրա»,– նշել է նա։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների մասին՝ Ղարահխանին նշել է, որ միջազգային հանրությունը պետք է խթանի այդ գործընթացը։

«Ձեր ուղին դեպի եվրատլանտյան լուծում կախված է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններից։ Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դրդի՝ հասնելու խաղաղության»,– ընդգծել է նա։

Նա հավելել է, որ ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Նորվեգիան, պետք է աջակցեն միմյանց, քանի որ աշխարհում ժողովրդավարությունը գնալով նվազում է։

Նորդիկ-Բալթիկ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների այցի շրջանակում կայացել են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի, վարչապետի և նախագահի հետ, որոնց ընթացքում եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին։