Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահ Աննա Սկորոխոդը ֆեյսբուքյան իր էջում մեղադրանքներ է տեղացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հասցեին, որի շինծու դատավարությունն է ընթանում Բաքվում, և հորդորել Բաքվին «իրական պատժաչափ սահմանել Վարդանյանի» համար։
Նրա խոսքով՝ Վարդանյանը մեղավոր է «ոչ միայն Ղարաբաղում իր գործունեության, այլև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և 21-րդ դարի գլխավոր բռնապետին ֆինանսավորելու համար»։
«Եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան նրա դեմ արդեն պատժամիջոցներ են առաջարկել կամ սահմանել, ապա Ադրբեջանը պետք է Վարդանյանին իրական պատժաչափ սահմանի։ Նա բազմիցս և տարբեր երկրներում ապացուցել է, որ արժանի է դրան»։
Սկորոխոդը այն պատգամավորների (Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից և Ռումինիայից) ցանկում էր, որոնք դիմել էին Նոբելյան կոմիտեին՝ պահանջելով, որ Վարդանյանին հանեն խաղաղության դափնեկրի հավակնորդների ցանկից, սակայն Նոբելկյան կոմիտեն մերժել էր։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։