AM
3 February 2025 - 08:49 AMT

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրներն արդեն հայտնի են։

Ջերմուկում մեկնարկել են մի քանի մարզաձևերի մրցաշարեր, որոնց թվում են դահուկավազքը, ձնամարտը, շախմատը և սպորտային պարերը։

Առաջին մեդալակիրները դահուկորդներն են։ Տղամարդկանց ազատ ոճի դահուկավազքում ոսկե մեդալակիր է դարձել Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից Միքայել Միքայելյանը, որը ներկայացնում է Աշոցքը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Թադևոս Պողոսյանը, որոնք նույնպես Աշոցքից են, հայտնում է Արմենպրեսը։

Կանանց ազատ ոճի մրցումներում հաղթող է ճանաչվել Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը՝ Աշոցքից։ Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ամենամեծ աշխարհագրությունը ընդգրկել է շախմատի մրցաշարը, որը մեկնարկել է փետրվարի 2-ին և կեզրափակվի 6-ին:

Խաղերին ընդհանուր առմամբ մասնակցում է 210 շախմատիստ՝ Հայաստանի տարբեր մարզերից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից և եվրոպական երկրներից։ Մրցաշարում տարիքային սահմանափակում չկա, իսկ շախմատիստները ուժերը չափում են արագ շախմատի ձևաչափով, որը բաղկացած է 9 տուրից։

Համահայկական ձմեռային առաջին խաղերն անցկացվել էին 2014 թվականին։ 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ ներկայացնելով 18 երկիր և 88 քաղաք։ Համեմատության համար՝ առաջին խաղերին, որոնք անցկացվել էին Ծաղկաձորում, մասնակցել էր 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում նախատեսված են նաև հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ։ Մի շարք մարզաձևերի՝ սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում։