AM
4 February 2025 - 09:58 AMT

ՄԻԵԴ-ը ՀՀ մասով 16 վճիռ է կայացրել, 15-ի դեպքում խախտում է արձանագրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2024 թվականին քննության է առել Հայաստանի վերաբերյալ 16 դիմում և դրանց հիման վրա հրապարակել է համապատասխան որոշումներ։ Դրանցից 15-ում դատարանը ճանաչել է իրավունքի խախտում, իսկ մեկ դեպքում խախտում չի արձանագրվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհուրդը։

Հրապարակված 6 վճիռում խախտվել է ազատության և անվտանգության իրավունքը, 3 վճիռում՝ խոսքի ազատության իրավունքը, գրում է Panorama.am-ը։

Անցած տարում ՄԻԵԴ-ը մերժել է 52 հայցադիմում, մինչդեռ 2023 թվականին մերժված դիմումների թիվը 510 էր, իսկ 2022-ին՝ 177։

Նշվում է, որ 2024 թվականի ընդհանուր վիճակագրությունն արտացոլում է վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքները։ Թեև դատարան ներկայացված դիմումների քանակը դեռևս զգալի է՝ 60,350, դրանց թիվը 2023 թվականի վերջի համեմատ նվազել է 8100-ով (11.8%-ով), իսկ 2022-ի հետ համեմատած՝ 14,300-ով (19.2%-ով)։

ՄԻԵԴ ներկայացված դիմումների մոտ երեք քառորդը կապված է հինգ երկրի հետ՝ Թուրքիայի (21,600), Ռուսաստանի (8150), Ուկրաինայի (7700), Ռումինիայի (3850) և Հունաստանի (2600)։

Հայաստանից ՄԻԵԴ-ին 2024 թվականին ուղարկվել է 949 նոր դիմում՝ 2023 թվականի 836-ի և 2022-ի 1232-ի համեմատ։

ՄԻԵԴ-ի տարեկան զեկույցում Հայաստանը հիշատակվում է դատարանի վարույթում գտնվող միջպետական գործերի համատեքստում։ Մասնավորապես, Հայաստանը ներկայացրել է 4 դիմում Ադրբեջանի դեմ, 1 դիմում՝ Թուրքիայի դեմ, մինչդեռ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացրել է 2 դիմում։

Ըստ զեկույցի՝ աշխարհում հակամարտություններին առնչվող 12 միջպետական գործերին զուգահեռ, ՄԻԵԴ-ում կա նաև մոտ 10,500 անհատական դիմում, որոնք որոնք բխում են այդ նույն հակամարտություններից: