AM
5 February 2025 - 08:17 AMT

Վարչապետ․ Խաղաղության պայմանագրի նախագծում շատ էին զգայուն թեմաները, բայց համաձայնության ենք եկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին։

Նա հայտարարել է, որ ակնհայտորեն հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախություն, բարգավաճում և անվտանգություն առանց խաղաղության։ Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով:

Վարչապետն ասել է նաև, որ խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն:

«Խաղաղությունն առանցքային է նույնիսկ ժողովրդավարության համար, որովհետև մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն պատերազմի միջավայրում։ Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով»,–ասել է նա։

Նշելով, որ Ադրբեջանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ի մասով համաձայնություն կա՝ վարչապետն ասել է, որ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը, մյուսը՝ մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին

«Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,–ասել է նա։

Խոսելով իրավական կառույցներում միմյանց դեմ բողոքների մասին՝ նա նշել է, որ գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։

«Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։

Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։

Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար»,–ասել է նա։

Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: