AM
12 February 2025 - 07:23 AMT

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարության նիստում մեղադրանքներ են հնչել ՀՀ հասցեին

Բաքվի ռազմական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, փետրվարի 11–ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։

Նշվել է, որ յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ, հայտնում է 1news.az-ը։

Դատախազները հրապարակել են մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որտեղ շեշտը դրվել է նրա վրա, որ «հանցավոր գործողություններն իրականացվել են հանցավոր հանրության» կողմից, որը ղեկավարել են ՀՀ և Արցախի նախկին ղեկավարներ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Զորի Բալայանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, Մոնթե Մելքոնյանը և այլոք»։

Ըստ մեղադրանքի՝ այս գործողությունները «կատարվել են հայկական պետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրա կառուցվածքային ստորաբաժանումների և զինված ուժերի աջակցությամբ և վերահսկողությամբ՝ հակառակ ներքին և միջազգային իրավունքի նորմերի»։

Դատական գործընթացը կշարունակվի փետրվարի 14-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե նախկին նախագահ ու նախկին արտգործնախարար Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը փետրվարի 6–ի դատական նիստում հերքել են իրենց ու ազատազրկված մյուս հայերի նկատմամբ ճնշումները, Արայիկ Հարությունյանը՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հետախուզական տեղեկություններ կան, որ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։

Դավիթ Բաբայանը նաև ասել է․«Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, հարցնեն իրենց, թե ինչպես կվարվեին»։