AM
12 February 2025 - 08:58 AMT

Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը

Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջեֆ Հըրդի (Հանրապետական, Կոլորադո) հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին, ամփոփ ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Նա նաև կարևորել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը։

Բացի այդ, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Կոլորադոյի հայ համայնքին։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։