AM
12 February 2025 - 13:05 AMT

Պեսկով․ Կողմնորոշումը դեպի ԵՄ Երևանի ինքնիշխան իրավունքն է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկումներին, ասել է կողմնորոշումը դեպի ԵՄ Երևանի ինքնիշխան իրավունքն է։

Պեսկովը հավելել է, որ կարևոր է հասկանալ, թե որքանով է այս ցանկությունը փոխադարձ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Հավանաբար, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք, առանց հստակ ըմբռնելու, թե արդյոք Եվրամիությունը շահագրգռված է դրանում, կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, լրացուցիչ առավելություններ կտա երկրին և ժողովրդին։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»,– ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ «թե հայերը, թե մյուսները, պետք է հասկանան՝ որքանով է այս ձգտումը փոխադարձ, և ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները»։

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է քննարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագիծը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որը սահմանված ժամկետում հավաքել է Ազգային ժողովին օրենսդրական առաջարկ ներկայացնելու համար պահանջվող ստորագրությունները։ Հունվարի 9-ին այս օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո այն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։