Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի Մշտական արբիտրաժային դատարան՝ հիմնված է 1979 թվականին ընդունված Եվրոպայում վայրի ֆլորայի, ֆաունայի և բնական միջավայրերի պահպանության մասին կոնվենցիայի («Բեռնի կոնվենցիա») դրույթների վրա։
Ինչպես հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հայցում մանրամասնորեն ներկայացված են Հայաստանի կողմից կոնվենցիայի շրջանակում «իր իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումները», գրում է Minval.az-ը։
Բաքուն մեղադրում է Հայաստանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ։
Դատական գործի շրջանակում Ադրբեջանը Հայաստանից պահանջում է լիարժեք փոխհատուցում՝ «բնական միջավայրերի և էկոհամակարգերի զանգվածային ոչնչացման համար»։ Հայցում հայկական կողմին մեղսագրվում է «վայրի բնության հարյուրավոր տեսակների վրա բացասական ազդեցություն, անտառահատումներ, անարդյունավետ բնապահպանական կառավարում, հանքարդյունաբերական գործունեություն և հիդրոէլեկտրակայանների կառուցում»:
2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել էր Հայաստանին արբիտրաժային գործընթացի մեկնարկի մասին, այնուհետև, սեպտեմբերի 15-ին, հաստատվել էր դատարանի կազմը, իսկ 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացել է առաջին ընթացակարգային նիստը։