AM
14 February 2025 - 06:28 AMT

Բաքուն Վարդանյանին մեղադրել է ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեզիս–2» կազմակերպելու մեջ

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Փետրվարի 13–ին դատախազությունը ներկայացրել է Վարդանյանի դեմ առաջադրված մեղադրանքները։

Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրել է ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեզիս–2» կազմակերպելու մեջ։

Նրան մեղադրում են նաև «2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, «Ավրորա» հիմնադրամի և այլ կառույցների միջոցով զինված խմբավորումների ֆինանսավորման, զենքի մատակարարման և պահեստավորման մեջ, գրում է Minval.az-ը։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդանյանն, իբր, «վճարել է ապօրինի զինված խմբավորումների անդամներին, համագործակցել ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վլադիմիր Վարդանովի հետ՝ զինյալների պատրաստման նպատակով»։

Գլխավոր դատախազության պետական մեղադրանքի աջակցության վարչության պետ Նասիր Բայրամովի խոսքով՝ Վարդանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի տարածքում գործող «AKVA» ընկերության ներկայացուցիչների հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ, որը պետք է զբաղվեր հակաօդային կառավարվող հրթիռների, թիրախային հայտնաբերման համակարգերի, մարտկոցների և ռադիոհաղորդիչ սարքերի արտադրությամբ, հայտնում է Trend-ը։

Բացի այդ, հայտարարվել է, թե Վարդանյանը նախաձեռնել է «բանակցություններ ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման շուրջ՝ ապօրինի զինված խմբավորումների համար, ինչպես նաև դրանց արտադրության գործարանի կառուցման ուղղությամբ»։

Նրան մեղադրում են նաև ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի մատակարարման կազմակերպման մեջ։

Դատարանը մերժել է մեղադրյալի փաստաբանի բողոքը՝ կապված դատական կազմի անաչառության հետ։ Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կշարունակվի մեղադրական եզրակացության ընթերցումը, նշանակված է փետրվարի 17-ին։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ էր հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:

2024 թվականի դեկտեմբերի վերջին Վարդանյանի գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարան։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի քննիչները կեղծել են հարցաքննությունների արձանագրությունները և պահանջել էր բաց դատական նիստ՝ միջազգային լրագրողների ու մարդասիրական կազմակերպությունների մասնակցությամբ։

Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։