Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։
Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից։
Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերահաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։