Սիրիայի նոր իշխանությունները կայացրել են երկրի խորհրդարանը լուծարելու և նոր սահմանադրություն մշակելու որոշում։ Այդ մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նա նշել է, որ Սահմանադրության մշակման և հանրաքվեով հաստատվելուց հետո նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Ըստ գնահատականների՝ այս գործընթացը կարող է տևել 3-4 տարի, հայտնում է Արմենպրեսը։
«Այո, խորհրդարանը լուծարելու որոշում կայացվել է և դա վերաբերում է նաև Սիրիայի նախորդ իշխանությունների օրոք գործող սահմանադրության գործածությանը: Առաջիկա օրերին պետք է սահմանադրության մշակման մարմին ստեղծվի: Այս իմաստով շատ բան է ակնկալվում ազգային երկխոսության համագումարից, որտեղ, հավանաբար, կքննարկվեն երկրի համակարգի ձևաչափը, ղեկավարման եղանակն ու պետության բնույթը»,– ասել է նա։
Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանի բացակայության պայմաններում, ըստ էության, պատգամավորներ ևս չեն լինի։
«Սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատվելուց հետո պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ: Ենթադրվում է, որ այս գործընթացը 3-4 տարի ժամանակ կպահանջի»,– հավելել է նա։
Նրա խոսքով՝ Սիրիայում առօրյան լի է իրադարձություններով, և պետական համակարգն աստիճանաբար ձևավորվում է։
«Սիրիայում ամեն օր նորություններ են արձանագրվում: Երկրի պետական համակարգը հետզհետե ձևավորվում է: Ամենից ուշագրավն արտաքին հարաբերություններում նկատված գերաշխուժությունն է թե՛ Սիրիայի պետական այրերի՝ դեպի տարբեր երկրներ պաշտոնական այցելությունների, թե՛ դեպի Սիրիա ժամանող արևմտյան, արևելյան, արաբական երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի առումով»,– նշել է պատգամավորը։
Ներքին իրավիճակի վերաբերյալ խոսելիս նա ընդգծել է, որ թեև անվտանգության խնդիրը շարունակում է մնալ լուրջ, առևանգումների, կողոպուտների և սպանությունների թիվը կրճատվում է։
Գաբրիելյանի փոխանցմամբ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը դեռևս անկայուն է՝ էլեկտրականության և ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։
«Սակայն մազութ, բենզին և գազ ցանկացած ժամանակ կարելի է ապահովել: Առաջին երկուսի գները նվազել են, սակայն գազի գինը բարձրացել է: Ապրանքատեսակների ու սննդի գները որոշ չափով նվազեցին, որովհետև սիրիական լիրայի արժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մասամբ բարելավեց իր դիրքերը: Տնտեսագետները զգուշացնում են, որ այս բարելավումը խաբուսիկ է, որովհետև ներմուծման և արտահանման ոլորտներում փոփոխություններ դեռևս չկան»,– նկատել է նա։
Նրա խոսքով՝ տարբեր երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել Սիրիային, սակայն նրանց օգնությունը կախված է իշխանությունների կողմից տրված խոստումների կատարումից։
Գաբրիելյանը նաև տեղեկացրել է, որ իշխանությունները նախապատրաստվում են ազգային երկխոսության համագումարի կազմակերպմանը, որի նախապատրաստական հանձնաժողովը վերջերս հանդիպել է Սիրիայի նախագահի հետ։
Նրա խոսքով՝ առաջիկայում կձևավորվի նոր կառավարություն։
«Իշխանության ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ նշանակումները պիտի լինեն ըստ կարողությունների և ոչ թե համաձայն պատկանելիության»,– հավելել է նա։
Հայ համայնքի առօրյային անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ կյանքը վերադառնում է բնականոն հուն։
«Հայկական բոլոր վարժարանները սովորականի նման շարունակում են դասերը, շարունակվում են հայերեն և քրիստոնեական կրոնագիտության դասընթացները, միությունները վերադարձել են իրենց գործունեությանը, արվեստի դպրոցներն ու ակադեմիաները ևս վերադարձել են իրենց աշխատանքին»,– ասել է նա։
Գաբրիելյանը նշել է, որ արդեն մեկ ամսից ավելի Հալեպում գիշերային հերթապահություն է իրականացվում, իսկ հայ երիտասարդները կեսգիշերից առավոտյան պահպանում են ապահովությունը։
Ինչ վերաբերում է երկրի ներկա ներքաղաքական կյանքին, ապա նա ընդգծել է, որ փոքրամասնությունների իրավունքները չեն փոխվել։
«Չկա ոչ մի միջամտություն դպրոցների, աղոթավայրերի կամ անձնական այլ հարցերի մեջ: Դրական երևույթ է նաև պետական կենտրոններում պաշտոնական վերաբերմունքի բարեփոխումը: Նկատելի է դիմորդների նկատմամբ հարգալից մոտեցումը և կաշառակերության նվազումը»,– եզրափակել է պատգամավորը՝ հավելելով, որ Սիրիայի պետական հաստատությունները աստիճանաբար վերաբացվում են և վերականգնում իրենց գործունեությունը։
Հունվարի 30–ին հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան նշանակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ՝ «անցումային կառավարության» գործունեության ընթացքում:
Աշ-Շարաան, ով նաև հայտնի է որպես Մոհամմադ ալ-Ջուլանի, ղեկավարում է իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որն ԱՄՆ-ի, մի շարք արևմտյան երկրների և Ռուսաստանի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական և գլխավորել է զինված ապստամբությունը Բաշար Ասադի ռեժիմի դեմ 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին: Արդյունքում Ասադի կառավարությունը տապալվել է, Ասադը փախել է Մոսկվա, իսկ աշ-Շարաան դարձել է երկրի փաստացի ղեկավարը: