AM
14 February 2025 - 11:04 AMT

Ներկայացուցիչների պալատի նախագահ. ՀՀ–ն Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։

Հանդիպումը տեղի է ունեցել Կիպրոսում Մկրտչյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանի խոսնակին՝ Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ հարցերում որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար։ Նա ընդգծել է Կիպրոսի հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը՝ հատկապես խորհրդարանական դիվանագիտության շրջանակում ակտիվությունը պահպանելու տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստան այցելության հնարավորությունները։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման մանրամասները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Դիմիտրիուն նշել է, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը։ Նա վերահաստատել է Կիպրոսի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Կիպրոսի խորհրդարանի խոսնակը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կիպրոսի հարցերում ցուցաբերած մշտական զորակցության համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։