AM
14 February 2025 - 11:55 AMT

Մոսկվայում կայացել է ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։

Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Հայ կաթողիկե եկեղեցու փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանը և այլ հյուրեր, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ մարտահրավերների առջև։ Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար: Եվ այս գործողություններում մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության և բարիդրացիության հաստատման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներով»,- իր ելույթում նշել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանն անդրադարձել է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համակարգի ներկայիս իրավիճակին՝ շեշտելով պետական անվտանգության արդյունավետ համակարգի ձևավորման հրատապությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։