AM
15 February 2025 - 12:18 AMT

Կիպրոսի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Երևան

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանը, որն ավարտում է Կիպրոսում դիվանագիտական առաքելությունը, ասել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել Երևան՝ նպաստելու հայ-կիպրոսյան հարաբերությունների հետագա խորացմանը։

Նա հիշատակել է, որ 2015 թվականին, երբ զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը, այցելել է Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Տիգրան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի նախագահին՝ երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սերտ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերում Կիպրոսի հետևողական աջակցության համար, հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանը ներկայացրել է մանրամասներ Հայաստանի կառավարության որոշման մասին, որը վերաբերում է ԵՄ անդամության հայտ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությանը, և որը Հայաստանի Ազգային ժողովն արդեն հաստատել է առաջին ընթերցմամբ։

Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, իրականացվող բարեփոխումները և եվրոպական արժեքներին համահունչ պետություն կառուցելու հանձնառությունը՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը այս գործընթացին։ Նա նաև ընդգծել է, որ 2026 թվականի առաջին կեսին Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին։