AM
19 February 2025 - 07:38 AMT

Աբխազիայում ընտրությունների առաջին փուլից հետո հայերի դեմ կոչեր ու սպառնալիքներ են հնչում

Աբխազիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սոցցանցերն ու պարբերականները լի է հակահայկական հռետորաբանությամբ։ Պատճառը սոցցանցերում հայտնված տեղեկություններն են այն մասին, որ Աբխազիայի գրեթե ամբողջ հայ բնակչությունը ձայնը տվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող թեկնածու Բադրու Գունբուին։

Դա բացասական արձագանք է առաջացրել Ադգուր Արձինբայի շտաբում, որին համարում են Թուրքիայի դրածո, հայտնում է Sputnik Արմենիան։

Լարվածությունը սրվել է փետրվարի 17-ին, երբ համացանցում տարածվել է ձայնագրություն, որտեղ Արձինբայի կողմնակիցներից մեկը՝ Էնվեր Բգանբան (Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի եղբորորդին), բացահայտ կերպով կոչ է արել լուծել հայերի հարցը։

«Երկրորդ փուլի համար շատ լուրջ եզրակացություններ պետք է անեն և, այդ թվում, հայերը։ Աբխազներն էլ են շատ հարցերում «քաշել», բայց, այ, հայերը… Նրանց հետ արդեն ուրիշ ձև է պետք աշխատել։ Պետք է միայն վախեցնել…»։

Հետագայում սոցիալական ցանցերում նոր գրառումներ են հայտնվել, որոնք ևս հաստատում են, որ Արձինբայի կողմնակիցները պատրաստվում են ճնշումներ գործադրել հայ համայնքի վրա։

Թեև մինչ ընտրությունները ևս առկա էին հակահայկական հայտարարություններ, սակայն Աբխազիայի հայ համայնքը մինչ օրս չէր արձագանքել։ Սակայն, երբ սպառնալիքները վերածվել են ֆիզիկական անվտանգության իրական վտանգի, համայնքի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ դիմելով Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային։

«Այդ նյութերը բռնության ուղիղ կոչեր են և խաթարում են ազգամիջյան միասնությունն Աբխազիայի Հանրապետությունում։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ճնշումներ են գործադրվում մի շարք գյուղերի ղեկավարների վրա, որտեղ ազգությամբ հայեր են բնակվում, և սպառնալիքներ են հնչում կոնկրետ ուժերի աջակցելու պահանջով։

Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը ձեռնպահ էր մնում հրապարակային հայտարարություններից՝ հավատարիմ մնալով ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքներին: Սակայն իրավիճակը, երբ բռնության և սահմանադրական իրավունքների սահմանափակման բացահայտ կոչեր են հնչում, անհապաղ և կոշտ արձագանք է պահանջում»,- նշվում է հայտարարության մեջ։

Համայնքի ներկայացուցիչները պահանջում են անհապաղ պարզել տարածվող ձայնագրությունների իսկությունը և կոշտ իրավական գնահատական տալ դրանց։

Սկանդալի մեծացման ֆոնին նախագահի պաշտոնակատարի եղբորորդի Էնվեր Բգանբան ստիպված է եղել ընդունել ձայնագրության իսկությունը՝ նախապես ընդդիմության պնդումներին հակառակ, որ ձայնը արհեստականորեն է ստեղծվել։ Նա նաև այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավար Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրել՝ նշելով, որ այդ հայտարարությունները հնչեցրել է «զգացմունքային վիճակում»։

Այս իրադարձությունների ֆոնին Աբխազիայի ներքին գործերի նախարարության և Պետանվտանգության ծառայության ղեկավարները պաշտոնանկ են արվել։ Շատ փորձագետներ այս որոշումները կապում են հակահայկական հռետորաբանության հետ։ Կարծիք կա, որ նախագահի պաշտոնակատարը փորձում է այդ կերպ պաշտպանել իր եղբորորդուն քրեական հետապնդումից, մինչդեռ ընդդիմադիր Արձինբան ազատվում է այն պաշտոնյաներից, որոնք կարող էին խոչընդոտել նրա հնարավոր ապօրինի քայլերը։

Հայ համայնքի նկատմամբ սպառնալիքների ֆոնին նախագահի թեկնածու Բադրու Գունբան հայտարարել է, որ թույլ չի տա ազգամիջյան լարվածություն հրահրել։ Իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս նա շեշտել է, որ իրենց թիմը ամբողջ քարոզարշավի ընթացքում զերծ է մնացել վիրավորանքներից ու սպառնալիքներից՝ ի տարբերություն ընդդիմության։

«Հակառակորդիս և նրա կողմնակիցներին կոչ եմ անում հանգստություն պահպանել, ազգամիջյան տարաձայնություններ հրահրող արտահայտություններ թույլ չտալ, զերծ մնալ ապակառուցողական հայտարարություններից և գործողություններից։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ ազգային հակասությունների խաղաքարտն օգտագործելն անընդունելի է»,- ասվում է Բադրա Գունբայի հայտարարության մեջ։

Աբխազիայի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները բողոքի ալիք են բարձրացրել տեղական սոցիալական ցանցերում։ Շատերը մեղադրում են Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատար Վալերի Բգանբային նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ փորձելով պաշտպանել իր եղբորորդուն՝ Էնվեր Բգանբային, քրեական հետապնդումից։

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր Telegram-ալիքում գրել է, որ Էնվեր Բգանբան պետք է անցնի բոլոր քննչական ընթացակարգերը, քանի որ բացահայտ կոչեր է արել Աբխազիայի հայ բնակչության «հարցերը լուծելու» վերաբերյալ։

Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննություն սկսել Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ։

«Մի շարք ԶԼՄ-ներում հաղորդվում է, որ Աբխազիայի նախագահի թեկնածուներից մեկի շահերի համար գործող որոշ անձինք տեղի բնակիչներից, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բնակիչներից, պահանջել են աջակցել կոնկրետ քաղաքական ուժերի։ Ընդ որում, բռնության կիրառման սպառնալիքներ են հնչել Աբխազիայի և Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ»,- ասված է Բաստրիկինի հայտարարության մեջ։

Նա գլխավոր քննչական վարչությանը հանձնարարել է անձնական հսկողության տակ վերցնել Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների և նրանց իրավունքների խախտման փաստի վերաբերյալ դատավարական ստուգումը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ «Ռուսաստանի համար կարևոր է, որ Աբխազիայում ընտրական գործընթացն ավարտվի օրինական դաշտի շրջանակներում»։

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ։ Քվեարկությանը մասնակցել է 99 հազար քաղաքացի (69 տոկոս)՝ ընտրելու իրավունք ունեցող 134,500-ից։

Առաջին փուլի արդյունքներով, փոխնախագահ Բադրա Գունբան ստացել է 46․38 տոկոս, Էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան՝ 36․92 տոկոս։ Քանի որ ոչ ոք չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է մարտի 1-ին։

Ընտրական օրենսդրության համաձայն՝ երկրորդ փուլում քվեարկությունն ուժի մեջ կլինի, եթե մասնակցությունը կազմի առնվազն 25 տոկոս (նախնական փուլում այդ շեմը 50 տոկոս էր)։ Նորընտիր նախագահ կհամարվի այն թեկնածուն, որը հավաքի առավելագույն ձայներ։