Ադրբեջանի իշխանությունները բռնազավթված Արցախի տարածքում շարունակում են հետևողականորեն իրականացնել էթնիկ զտումների և մշակութային ժառանգության վերացման քաղաքականություն, որի կարևոր բաղկացուցիչ մասն է հայկական գյուղերի լիակատար ավերումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Նա նշել է, որ այս վտանգավոր գործընթացն արդեն աննախադեպ մասշտաբների է հասել՝ վերածվելով ամբողջական բնակավայրերի համակարգված ոչնչացման։
«Փետրվարի 18-ին Արարատ Պետրոսյանը իր տելեգրամյան ալիքում հրապարակեց ապացուցողական լուսանկար, որը վկայում է Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղի գրեթե ամբողջական ավերման մասին։ Սա փաստում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն մշակութային ժառանգության ոչնչացմամբ, այլև նպատակային կերպով վերացնում է հայերի պատմական բնակավայրերը՝ փորձելով վերացնել հայկական հետքը Արցախում»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ այս քաղաքականության զոհ են դարձել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր։
«Սա ոչ թե պարզապես ռազմավարական հաշվարկ է, այլ պետական մակարդակով իրականացվող ցեղասպանական քաղաքականություն, որի նպատակը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնելն է հայերին, այլև ջնջել նրանց կենսատարածական և պատմամշակութային ներկայությունը Արցախում։
Այս հանցավոր գործողություններին անհապաղ պետք է արձագանքի միջազգային հանրությունը՝ դատապարտելով Ադրբեջանին և ձեռնարկելով կոնկրետ քայլեր այս խտրական և ապօրինի, միջազգային իրավունքի բոլոր օրենքները ոտնահարող քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում լռությունը միայն կխրախուսի այս նոր ցեղասպանական մեխանիզմի կիրառումը՝ վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։