Փետրվարի 24–ի առավոտյան Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հռոմի պապի առողջական վիճակի վերաբերյալ վերջին տեղեկությունները։
Նշվել է, որ Ֆրանցիսկոսը հանգիստ տասներորդ գիշերն է անցկացրել Հռոմի Ջեմելի հիվանդանոցում, որտեղ նա բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Գիշերը լավ է անցել. պապը քնել է և հանգստանում է, հայտնում է Vatican News-ը։
Փետրվարի 23–ի երեկոյան հայտարարվել էր, որ Պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն նախորդ երեկոյից ի վեր շնչառական նոր բարդություններ չեն նկատվել։
Նա ստացել է երկու միավոր խտացված էրիթրոցիտային զանգված, ինչը դրական ազդեցություն է ունեցել՝ բարձրացնելով հեմոգլոբինի մակարդակը։
Նշվել է, որ որոշ անալիզներ վկայում են երիկամային թեթև, սկզբնական անբավարարության մասին, որը ներկայումս վերահսկվում է։ Բարձր հոսք ունեցող թթվածնի թերապիան շարունակվում է։
Հռոմի պապը մնում է գիտակից և լիովին կողմնորոշված։
Հաշվի առնելով կլինիկական վիճակի բարդությունը և դեղորայքային բուժման արդյունքների համար անհրաժեշտ ժամանակը՝ բժիշկները շարունակում են պահպանել զգուշավոր կանխատեսում։
87-ամյա պոնտիֆիկոսը շարունակում է բուժումը հիվանդանոցում, որտեղ գտնվում է արդեն մի քանի օր։
Փետրվարի 23–ի երեկոյան Հռոմի պապը պատարագ է մատուցել իր բուժող բժիշկների և բուժքույրերի հետ միասին։