Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայում իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Լավրովի խոսքով՝ քննարկման առանցքում եղել են տարածաշրջանում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հայտնում է 1news.az-ը։
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում»,– ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը հավելել է, որ Ֆիդանի հետ բանակցություններն ընդհանուր առմամբ շատ օգտակար են եղել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։