AM
26 February 2025 - 07:32 AMT

Ադրբեջանը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները

Google Earth-ի արբանյակային նկարների դիտարկումը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը էական վնաս է հասցրել Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտներին։ Որպես օրինակ կարելի է նշել Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որտեղ 2019 թվականի արբանյակային լուսանկարներում երևացող տների շուրջ 25%-ը 2023-ի հունիսին արդեն ավերված է, հայտնում է Monument watch–ը։

Թաղուտ գյուղի բնակելի տների վնասումը հանդիսանում է բռնազավթված տարածքներում ադրբեջանական ուժերի կողմից իրականացված թալանի հետևանք։ Այս գործողություններն իրականացվում են հիմնականում տարածքում տեղակայված զինվորականների, որոշակի թվով վերաբնակիչների, ինչպես նաև շինարարական խմբերի միջոցով։ Արցախից հրապարակված հարյուրավոր տեսանյութերը փաստում են գույքի միտումնավոր ոչնչացման, ավերումների և թալանի մասսայական բնույթը։

Այս երևույթը տարածված է Արցախի բազմաթիվ բնակավայրերում, ներառյալ Թաղուտը, Տողը, Մարիամաձորը, ինչպես նաև այն գյուղերը, որոնց մասին նախկինում Monument Watch նախաձեռնությունն արդեն ահազանգել է՝ Ծամձոր, Մարիամաձոր, Մոխրենես և այլ բնակավայրեր։

Հատկանշական է նաև, որ այս ավերածությունները տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման գործողություններից։ Վերջիններս իրականացվում են խոշոր տեխնիկայի կիրառմամբ և հստակ թիրախային բնույթ ունեն։ Այս շարքում կարելի է առանձնացնել հայկական բնակավայրերի ավերումը (Քարինտակ, Ստեփանակերտի պատմական թաղամաս), եկեղեցիների ոչնչացումը (Շուշի, Բերձոր, Տանձատափ), գերեզմանոցների ոչնչացումը (Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոց) և այլ հուշարձանների ավերումները (Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան, Մեծ և Փոքր Սյունիքներ հուշահամալիրը)։

Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների, տների ու մշակութային ժառանգության թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և պատերազմական հանցագործություն։ Ժնևի 1949 թվականի Չորրորդ կոնվենցիայի 33-րդ հոդվածը հստակ արգելում է թալանը՝ անկախ հանգամանքներից։

Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» կոնվենցիայի 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Թալանը պաշտոնապես արգելվում է»։ Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետն ամրագրում է, որ պետությունները պարտավոր են կանխել, արգելել և դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը, յուրացումը և վանդալիզմի դրսևորումները։