AM
25 May 2009 - 14:57 AMT

Թուրքիայի հավաքականի մարզիչը դժգոհ է իր բռնցքամարտիկների հանդեպ մրցավարությունից

Թուրքիայի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Մալիք Բեյլարօղլուն պատանիների աշխարհի առաջնությանը Երեւանում իր սաների առաջին մենամարտերից հետո դժգոհություն է հայտնել մրցավարական աշխատանքի վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է թուրքական հավաքականի մարզիչը, թուրք բռնցքամարտիկների հանդեպ մրցավարները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել:

«Առաջնությունը շատ բարձր մակարդակով է կազմակերպված, բայց, ցավոք, մրցավարներն այնքան էլ բարեխղճորեն չեն սպասարկում մենամարտերը: Ես դժգոհ եմ: Բայց դա չի վերաբերում հայ մրցավարներին: Եթե մրցավարները շարունակեն սպասարկել մեր բռնցքամարտիկներին, ապա ես արդեն կկասկածեմ, թե արդյոք մենք կկարողանանք նվաճել, ինչպես ես նախկինում էի հաշվարկել, հինգ մեդալ: Մեդալի հինգ ակնհայտ հավակնորդներից մեկն արդեն դուրս է մնացել մրցակցությունից»,- ասել է Բեյլարօղլուն:

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը նաեւ նշել է, որ յուրաքանչյուր բռնցքամարտիկ պետք է հարգի իր մրցակցին, հակառակ դեպքում չի կարողանա հաջողության հասնել: «Ցանկացած բռնցքամարտիկ պետք է հարգի իր մրցակցին եւ ոչ մի դեպքում չթերագնահատի նրան, այլապես նրան չի հաջողվի մեդալ նվաճել: Ուստի ես մրցակից եմ համարում բացարձակապես բոլորին: Ինչ վերաբերում է առաջնության կազմակերպման մակարդակին, ապա ես գտնում եմ, որ Հայաստանում շատ հանգիստ կարելի է անցկացնել չափահասների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները»,- նշել է Բեյլարօղլուն: