AM
6 March 2025 - 09:55 AMT

Եվրախորհրդարանում քննարկվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցով հրատապ դեբատների տարբերակը

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու կտտանքները, ինչպես նաև այդ առնչությամբ միջազգային կառույցների բարձրացրած ահազանգերը խոր մտահոգություն և դժգոհություն են առաջացրել Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում։

Բրյուսելում Արմենպրեսի թղթակցի ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ ձևաչափով պետք է արձագանքի ԵԽ-ն այս իրավիճակին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում հաջորդ շաբաթ։ Չի բացառվում, որ թեմայի շուրջ կազմակերպվեն հրատապ դեբատներ և ընդունվի համապատասխան բանաձև։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում է 23 հայ գերի։ Բացի այդ, Բաքուն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Կեղծ մեղադրանքներով հետապնդվում են նաև Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը։

Ռուբեն Վարդանյանի գործն Ադրբեջանի դատարանում առանձնացվել է մյուսներից, և դատաքննությունն անցկացվել է առանձին։ Նա ընտանիքի հետ հեռախոսազրույցում միջազգային հանրությանը փոխանցել է հայտարարություն՝ որպես բողոքի նշան իր դեմ կազմակերպված կեղծ դատավարության դեմ։

Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Վարդանյանի ինքնազգացողությունը վատթարացել է, ինչի հետևանքով նիստը հետաձգվել է, ապա շարունակվել։ Վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Վարդանյանի փաստաբանն ու ընտանիքի անդամները բարձրաձայնում են նրա առողջական վիճակի վատթարացման և խոշտանգումների ենթարկվելու մասին։

Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների խնդրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 28-ին։