Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ շարունակում է մնալ ուժեղ, հավատքով լցված ու պատրաստ դիմակայելու ցանկացած դժվարության։
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։
Նա հատուկ շեշտել է, որ իր պահանջները մնում են անփոփոխ՝ կոչ անելով ապահովել բաց ու թափանցիկ դատական գործընթաց՝ Ադրբեջանի օրենքներին համապատասխան և միջազգային լրատվամիջոցների ու դիտորդների ներկայությամբ։ Վարդանյանը նաև ընդգծել է, որ իր գործը արհեստականորեն առանձնացնելու փորձերը անարդար են։
Ուղերձում նա անդրադարձել է նաև անձնական թեմաներին՝ ներողություն խնդրելով իր ընտանիքից, ընկերներից և բոլոր նրանցից, ում երբևէ ցավ է պատճառել։ Նա նշել է, որ իր որոշումները եղել են գիտակցված, և ինքը պատրաստ է կրել դրանց հետևանքները՝ պահպանելով հավատարմությունը իր արժեքներին։
Վարդանյանը խոսել է նաև ավելի լայն խնդիրների մասին՝ ընդգծելով, որ դատվում են ոչ միայն ինքը և իր ընկերները, այլ ամբողջ հայ ժողովուրդը։ Նա ընդգծել է, որ հակամարտությունն այս փուլով չի ավարտվում և կոչ արել դուրս գալ անտարբերության վիճակից։
Նա շեշտել է, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Ուղերձում նա նաև հիշեցրել է, որ չարը չի կարելի հաղթել չարությամբ և որ իրական խաղաղությունը պետք է լինի երկարաժամկետ ու ամուր, այլ ոչ թե պարզապես թղթի վրա ստորագրված պայմանագիր։
Վերջում Վարդանյանը կրկին հավաստիացրել է, որ պատրաստ է մինչև վերջ կանգնել իր համոզմունքների կողքին և չի տրվելու հուսալքությանը՝ վստահ լինելով, որ ապագան կախված է բոլորի միասնական ջանքերից։