Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածում է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը՝ փորձելով վերաշարադրել պատմությունը, արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ փորձելով վերաշարադրել պատմությունն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» պահանջով, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս նարատիվը նպատակ ունի արդարացնել արցախահայության էթնիկ զտումները և հող նախապատրաստել նոր ներխուժման համար՝ հայկական հողերն անվանելով «պատմական Ադրբեջան»,- ասել է Ինյարիտուն, հայտնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ նման հռետորաբանությունը Բաքվին հնարավորություն է տալիս ուժեղացնել դիվանագիտական և քաղաքական ճնշումը Եվրամիության վրա։
«Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը ԵՄ-ի վրա դիվանագիտական ճնշում գործադրելն է՝ փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին՝ հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները»,- ընդգծել է Ջոն Ինյարիտուն։
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ պատգամավորը նշել է, որ դրա գործունեության նպատակը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերահսկումն ու կայունության պահպանումն է։
«ԵՄ դիտորդական առաքելությունը կենտրոնանում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մոնիթորինգի, կայունության խթանման և հետագա հակամարտությունը կանխելու համար միջազգային համաձայնագրերի պահպանման վրա: Այս առումով առաքելության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները դժվար է հասկանալ, հատկապես մի երկրի համար, որը, թվում է, ձգտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ Բաքվի բողոքները դիտորդական առաքելության դեմ կարող են պայմանավորված լինել Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումներով։
«Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում: Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն, անշուշտ, հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին»,- նկատել է Ինյարիտուն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։