Եվրախորհրդարանում անցկացվել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
Քննարկմանը մասնակցել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը, ով եզրափակիչ ելույթում հայտնել է, որ Եվրահանձնաժողովը հետևում է այս տարվա հունվարի 17-ից Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարություններին, հայտնում է 1lurer.am-ը։
«Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության և նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված: Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ։
Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի և հարգվի», – շեշտել է Յորգենսենը։
Նա հավելել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս հետևում է իրավիճակին և Բրյուսելի դիրքորոշումը փոխանցում է Ադրբեջանի իշխանություններին։
Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան համագործակցությանը՝ նա նշել է, որ այն հիմնված է մի շարք սկզբունքների վրա, ներառյալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը։
«ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի և արդար դատավարության իրավունքները: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին կոչ անելու՝ կալանավորների համար ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն», – ընդգծել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարությունները կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման լայն շրջանակի հետ։
«Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հիմնվել իրենց ձեռքբերումների վրա և շարունակել առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն էլ իրենց հասարակություններին տանեն այդ ճանապարհով։
ԵՄ-ն կշարունակի աջակցել այս գործընթացին մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստ ենք օգնել կողմերին իրենց երկխոսության մեջ՝ ուղղված կայուն խաղաղության հասնելուն», – եզրափակել է Յորգենսենը։
Եվրախորհրդանանում քննարկվել է Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների, անօրինական կալանման և կեղծ դատավարության մասին բանաձևը։ Այն ներկայացրել են Ֆրանսիսկո Ասիսը, Վասիլե Դինկուն, Նաչո Սանչես Ամորը, Էվին Ինսիրը, Վիտենիս Պովիլաս Անդրյուկայտիսը, Յաննիս Մանիատիսը՝ S&D խմբակցության անունից։






