AM
18 March 2025 - 06:19 AMT

Եվրոպացի պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանում ապօրինի կալանավորված հայերի մասին

Եվրախորհրդարանի պատգամավորը Միրիամ Լեքսմանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ պետք չէ մոռանալ ապօրինի կալանքի տակ պահվող հայերի մասին։

«Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող և կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին»,-գրել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը՝ հատկապես հաշվի առնելով խաղաղության հաստատման ընթացքը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։