Ադրբեջանում տարակուսած են այն փաստից, որ Թուրքիան և Հայաստանը համաձայնեցրել են 10 օրով «Մարգարա» անցակետի բացումը՝ Հայաստանից Սիրիա հումանիտար բեռների տարանցման համար։
«Այս քայլը բնական հարց է առաջացնում՝ ի՞նչ է, «Զանգեզուրի միջանցքը» բացվե՞լ է, որ Թուրքիան տարանցման նման հնարավարություն է տալիս Հայաստանին։
Նախկինում Թուրքիան հստակ հայտարարում էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն տարածաշրջանային բոլոր խոչընդոտները վերացնելուց հետո, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո։ Սակայն հիմա, առանց Հայաստանի որևէ զիջման, Անկարան փաստորեն բացում է դռները»,–գրում է Minval.az-ը։
Ըստ պարբերականի, բացելով «Մարգարան»՝ Թուրքիան անտեսում է այն փաստը, որ «Հայաստանը շարունակաբար խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը՝ նախագիծ, որը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ թուրքական աշխարհի համար»։
Պարբերականն ակնկալում է պարզաբանում ստանալ Թուրքիայի դեսպանատնից և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։
Հայաստանի կառավարության որոշմամբ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով կբացվի Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։