AM
22 March 2025 - 12:05 AMT

ԱՄՆ-ն ողջունել է հայ–թուրքական սահմանի ժամանակավոր բացումը

ԱՄՆ-ն դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորված համագործակցությունը սահմանային անցակետի ժամանակավոր բացման հարցում։ Այդ մասին X սոցիալական ցանցի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն:

«ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ամբողջ տարածաշրջանին»,- գրել է նա։

Հայաստանի կառավարության որոշմամբ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով կբացվի Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։