AM
24 March 2025 - 09:53 AMT

Բելգիայի խորհրդարանում լսումներ կանցկացվեն Արցախի մասին բանաձևի շուրջ

Բելգիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն ապրիլի 2-ին կազմակերպելու է քննարկումներ Արցախի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։

Առաջարկված նախագիծը ներկայացվել է դաշնային պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել դը Մաեգդի նախաձեռնությամբ՝ դեռ ամիսներ առաջ, հայտնում է Արմենպրեսը։

Բելգիացի պատգամավոր Էլս Վան Հուֆը, մեկնաբանելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ համարել է կարևոր, որպեսզի Բելգիան աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ այն երկրին, որը կիսում է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և միջազգային իրավունքի նկատմամբ նույն հարգանքը։

«Ես խորապես ցնցված էի Լաչինի միջանցքի շրջափակումից, Ադրբեջանի հետագա ագրեսիայից ընդդեմ Արցախի ժողովրդի և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունից՝ ընդդեմ Հայաստանի։ Բելգիան և Եվրոպան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այն լիովին հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անկեղծորեն աշխատի կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, անհրաժեշտ է, որ եվրոպական մակարդակում սահմանափակումներ կիրառվեն, և ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ վերանայվեն։ Սա է իմ բանաձևի կոչը», – ասել է Էլս Վան Հուֆը։

Իսկ Միշել դը Մաեգդը հավելել է, որ անթույլատրելի է, երբ հայ գերիները դեռ պահվում են անմարդկային պայմաններում Բաքվի բանտերում։ Նա կարևորել է միջազգային կառույցների գործելու անհրաժեշտությունը։

«Մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը։ Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս հարցն այս շաբաթ կրկին քննարկել եմ արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ։ Խնդիրը հրատապ է։ Այս բանաձևի առաջարկը հենց այս նպատակին է ծառայում։ Այն հորդորում է կառավարությանը գործել և կիրառել իր լծակները։ Պահանջում է Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ։ Ես կմնամ լիովին ներգրավված, ինչպես միշտ, և երբեք չեմ հրաժարվի այս պայքարից», – ասել է Միշել դը Մաեդգը։

Բանաձևի նախնական տարբերակում ընդգրկվել են մի շարք կարևոր դրույթներ, որոնց թվում են՝ Արցախի հայ բնակչության ապահով վերադարձի անհրաժեշտությունը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում կայունության հաստատման հրամայականը, հայ ռազմագերիների ազատման հարցը, հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը և մի շարք այլ խնդիրներ։

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։

Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։