ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիային հորդորել է աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով Անկարայի նշանակալի դերակատարումը։
Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ըստ պետքարտուղարության տարածած հաղորդագրության՝ անդրադառնալով անվտանգության և առևտրի առանցքային հարցերին առնչվող համագործակցությանը, հայտնում է 1lurer.am-ը:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու համար անվտանգության ու առևտրի հետ կապված առանցքային հարցերում համագործակցությունը։ Նա Թուրքիային կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը»,- հայտնում են պետքարտուղարությունից։
Հանդիպման ընթացքում Ռուբիոն նաև խոսել է երկու երկրների միջև առևտրային ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերի մասին՝ ընդգծելով ամերիկա-թուրքական տնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներսում անցկացված վերջին ցույցերի ու դրանց հետևանքով տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ։
Պետքարտուղարն իր գնահատականն է հայտնել Թուրքիայի առաջնորդության վերաբերյալ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գլոբալ կոալիցիայի շրջանակում և վերահաստատել է համատեղ աշխատանքների կարևորությունը՝ ի նպաստ կայուն, միասնական ու խաղաղ Սիրիայի, որը զերծ կլինի միջազգային ահաբեկչության ազդեցությունից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը բողոքների ժամանակ բռնության ու սեփականությունը վնասելու համար:Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Ստամբուլի կալանավորված և ժամանակավորապես աշխատանքից հեռացված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ հանցավոր խմբավորման ղեկավարության և կոռուպցիայի մեղադրանքով։ Նրա նկատմամբ բացված է նաև ահաբեկչության հետ կապված գործ, մասնավորապես՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով։ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։