AM
3 April 2025 - 08:01 AMT

Կանադայի ԱԳ նախարարն անդրադարձել է Ապրիլյան քառօրյային և խոսել տևական կարգավորման մասին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին, նշել է, որ տևական կարգավորմանը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հարգման միջոցով։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկոբլոգում։

«Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։

Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,-նշել է Մելանի Ջոլին։

Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է․ 2016 թվականի ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին Արցախի դեմ։ Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման էր անցել շփման գծի ամբողջ երկայնքով։ Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։

Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունեցել է 110 զոհ և 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ նրանց բանակը կրել է մինչև 300 զոհ, ներառյալ՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայողներ։