AM
3 April 2025 - 11:52 AMT

Լավրով․ Մոսկվան և Երևանը պահպանել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

Ռուսաստանն ու Հայաստանը կարողացել են պահպանել ակտիվ քաղաքական երկխոսությունը և խորացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած արտաքին ուժերի կողմից դաշնակցային հարաբերությունները խարխլելու փորձերին։ Այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում։

«Չնայած ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները, խարխլելու դրսից եկող փորձերին, մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման բարձր մակարդակը, ինչպես նաև զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն տարածքում»,–նշել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Լավրովը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է «շարունակել համատեղ աշխատանքը՝ գործընկերության արդյունավետության հետագա բարձրացման և երկրների քաղաքացիների բարօրության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ամրապնդման նպատակով»։

«33 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սկիզբ է դրել Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլին։ Հենվելով հոգևոր-բարոյական արժեքների ընդհանրության, միջոլորտային և հումանիտար կապերի ավանդական ամրության վրա՝ Ռուսաստանն ու Հայաստանը մշակել են խորը պայմանագրաիրավական բազա, կառուցել բազմաշերտ, հավասար իրավունքներով և փոխշահավետ հարաբերություններ»,–ասվում է ՌԴ ԱԳ նախարարի ուղերձում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

«Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։

Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։

Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում”,–ասվում է Միրզոյանի ուղերձում։